Բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և բացակայելու արգելք
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով, այսօր՝ նոյեմբերի 20-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառեց նոր խափանման միջոց՝ տնային կալանք և բացակայելու արգելք։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը՝ երկարաձգել կալանքի ժամկետը 3 ամիս ժամկետով և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ։
Հիշեցնենք, որ իշխանությունների հորինած գործով մեղադրանք է առաջադրվել «Սրբազան պայքարի» անդամ 18 անձի՝ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։ Այսպես կոչված «ռեպրեսիաների» գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։
Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաև Արթուր Սարգսյանը։ Հետագայում Հրայր սարկավագի, Աղվան Արշակյանի, Տիգրան Գալստյանի, Դավիթ Գալստյանի խափանման միջոցները փոխվել են։

