Եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվեն տարածքներով, դա կորոշվի հանրաքվեով. Խանդանյան

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվեն տարածքներով, դա կորոշվի հանրաքվեով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի խոսքով՝ եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխանակվեն տարածքներով, այդ հարցը ՀՀ օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։

Խանդանյանը նշեց, որ անկլավների հարց այս պահին կա, որը, սակայն, պետք է արձանագրվի սահմանազատման գործընթացի շրջանակում։

 «Այստեղ թաքցնելու որևէ թեմա չկա։ Տարածքների փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, քանի որ նախ անկլավները պետք է սահմանազատվեն։ Թե երբ դա կլինի, հայտնի չէ։ Սահմանազատման գործընթացի ինչ-որ մի փուլում պետք է նաև անկլավների հարցը քննարկվի»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, որը պետք է նաև վավերացվի։