Շուրջ կես տարի է՝ Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է և նորը չի ձևավորվում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շուրջ կես տարի է՝ Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է, և նորը չի ձևավորվում։ ՔՊ տարածքային կառույցի նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանը երեկ մեզ ասաց, որ տեղական կառույցի լուծարման դիմումն ինքն անձամբ է ներկայացրել ՔՊ վարչություն՝ այս տարվա մայիսին: Սակայն պատճառների մասին չմանրամասնեց։
Կան տեղեկություններ, որ իրականում Սարուխանյանն այնքան էլ սեփական կամքով չի լուծարման դիմում ներկայացրել` նրան դա պարտադրել են անել Գյումրու ՏԻՄ ընտրություններից, ՔՊ-ի պարտությունից և Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո։
Նախկին կառույցում, ի դեպ, ընդգրկված չէին ներկայիս մարզպետ Դավիթ Առուշանյանը, ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը: Մեզ ասացին, որ առաջիկայում ՔՊ նոր կառույց կձևավորվի Գյումրիում, որը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի գործող մարզպետը»։

