«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության հայտարարությունը
Երբ պետությունը, փոխանակ պաշտպանելու զոհվածների կամ անհետ կորածների ընտանիքներին, նրանց նկատմամբ կիրառում է քրեական հետապնդում, դա ոչ թե արդարադատություն է, այլ արդարության ծաղր։ Այսպիսի դեպքերը վկայում են պետական համակարգի՝ բարոյական և իրավական ամբողջական կործանման մասին։ Անհետ կորած զինծառայողի հորեղբորը՝ Արսեն Ղուկասյանին, որը սեփական ընտանիքի ցավը վերածել է արդարության պահանջի, կալանավորելը նշանակում է խախտել նրա բարոյական և սահմանադրական իրավունքները, փորձել լռեցնել հասարակական բողոքի ձայնը և ողբերգությունը վերածել քաղաքական հաշվեհարդարի միջոցի։ Սա ոչ միայն անընդունելի է իրավական պետության սկզբունքների տեսակետից, այլև խոր բարոյական անկում է․ պետությունը, որը չի լսում ցավը, այլ պատժում է ցավ արտահայտողին, դադարում է լինել հանրային իշխանություն և վերածվում է բռնության գործիքի։ Եթե իշխանությունը չթաքցնի իր վախերը և բաց քննարկի բոլոր չբացահայտված մահերն ու անհետացումները, հասարակությունը կվերագտնի վստահությունը պետության նկատմամբ։ Բայց երբ իշխանությունը միաժամանակ դառնում է դատավոր և պատժիչ, այն վերածվում է համակարգի, որը գոյատևում է ոչ թե օրենքի, այլ վախի վրա։ Այսպիսի կալանքները ոչ թե ուժի, այլ թուլության և խուճապի նշան են։ Պետությունը, որը կալանավորում է զոհվածի հարազատին, փաստացի կալանավորում է սեփական խղճմտանքը։

