Նոր մանրամասներ Մերձավանի սպանությունից
Լրագրող Լիա Սարգսյանը գրել է.
«Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գեւորգ Հարությունյանը Մերձավանի նախկին ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի շատ մտերիմ ընկերն է եղել:
Ավելին՝ Մհերն ու Գևորգը, ըստ տեղեկությունների, միասին կրակարանում վերապատրաստվել են: Մերձավանի սպանություններից 10 օր առաջ է Ախտոյանը հեռացել Հայաստանից:
Բոլորին է հայտնի, որ Մհեր Ախտոյանը և իր ընտանիքը Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի հետ թշնամական հարաբերությունների մեջ են, որը ծագել է քաղաքական հողի վրա, և ավելի է սրվել Փարաքար խոշորացված համայնքի վերջին ընտրությունների ժամանակ:
Մհեր Ախտոյանը նաև անձնական թշնամանք է ունեցել սպանված Կարեն Աբրահամյանի հետ: Անցած տարի Ախտոյանը և Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը կալանավորվել էին՝ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում: Ինձ պատմեցին, որ Ախտոյանին ձերբակալել է անձամբ Կարեն Աբրահամյանը:
Նշեմ նաև, որ Ախտոյանի հայրը նույնպես հարցաքննվել է Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության քրեական վարույթի շրջանակում:
Ձախից՝ Մհեր Ախտոյան, աջից՝ Գևորգ Հարությունյան»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Զոհվել է երկու մարդ, 1 հոգի վիրավորվել։ Մահացածներից մեկը Փարաքր համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը նրա ընկերը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Մեկ հոգի վիրավորվել է։
Սեպտեմբերի 27-ին ՔԿ-ից հայտնել էին, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ: Ձերբակալվածը Նարեկ Օհանյանն է։

