Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք և ուսուցիչ Կոմիտաս վարդապետի (Սողոմոն Սողոմոնյան, 1869-1935) ծննդյան 156- ամյակն է։

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.

«Ծնուել եմ 1869-ի Սեպտեմբեր 26-ին Փոքր Ասիայի Քիւթահիա քաղաքում: Հայրս էր Քիւթահիացի Գէորգ Սողոմոնեանը, իսկ մայրս Բրուսացի Թագուհի Ցովհաննիսեան:

Ինձ մկրտել են ծնունդիցս երեք օր յետոյ եւ անունս դրել Սողոմոն:

Մանկութիւնից զրկուեցայ ծնօղներիցս: Մայրս մեռել է 1870-ին Մարտի 15-ին, իսկ հայրս 1879 Մայիս 17-ին: Ծնօղներիս մահից յետոյ ինձ պահել դաստիարակել է հօրական տատս՝ Մարիամը: Սա եղել է ինձ համար երկրորդ մայր եւ իմ ապագայի մասին լուրջ հոգ տանող:

Քոյր եւ եղբայր չեմ ունեցել, այլ մնացել եմ միամօր զաւակ» (Կոմիտաս Վարդապետ. «Ինքնակենսագրութիւն»):

Կոմիտասը 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված և Չանկըրը աքսորված հայ մտավորականների թվում էր։ Ազդեցիկ գործիչների միջամտությամբ նրան վերադարձրին Կոստանդնուպոլիս։ Այնուամենայնիվ, աքսորի տրավման Կոմիտասին ծանր հոգեբանական տառապանք պատճառեց, ինչը հանգեցրեց հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD): Կոմիտասն իր կյանքի մնացած հատվածն ապրել է Կ.Պոլսի և Փարիզի հոգեբուժական կլինիկաներում։ Վախճանվել է 1935 թ. հոկտեմբերի 22-ին՝ Փարիզի Վիլժյուիֆ հոգեբուժական հիվանդանոցում։ 1936 թ. նրա աճյունը տեղափոխվեց Հայաստանի Երևան քաղաքի հայ մշակութային գործիչների պանթեոն, որը հետագայում կոչվեց Կոմիտասի անունով:

Այդ երգերում արև՛ կար

1906 թ․ Փարիզում Կոմիտաս Վարդապետի համերգից հետո, ֆրանսիացի երաժշտագետ Լուի Լալուան Mercure Musical ամսագրում (15.12.1906) գրել է. «Ոչ ոք չի կարող մեղադրել ինձ չափազանցության մեջ, եթե ասեմ, որ Կոմիտասի այս համերգը իսկական հեղաշրջում էր և իր հայտնությամբ հիացրեց ու զարմացրեց բոլորիս: Մեզանից ոչ ոք չէր կարող պատկերացնել արվեստի այսպիսի գեղեցկություն, որը ոչ Եվրոպական էր, ոչ էլ Արևելյան, այլ եզակի՝ իր տեսակի մեջ, անկրկնելի՝ իր նրբագեղությամբ, սրտի խորքը թափանցող հուզումով ու ազնիվ ելևէջներով: Այդ երգերում արև՛ կար… Իսկ Հայր Կոմիտասը, ով չէր վարանել անձամբ երգել ծիսական մեղեդիներ, իր մի կատարումով, որը կարելի է համեմատել մեր Stabat Mater-ի հետ, հասավ մի այնպիսի հուզական ուժգնության, որ դահլիճը գրեթե արտասվում էր… Այդ ելույթն արժանացավ բուռն օվացիաների ու ծափահարությունների: Ավելի հուզիչ բան չկա, քան տեսնել Կոմիտասին՝ ինչպես է խոնարհվում իր մեծ, սև գլխարկով, լայնաթիկունք հանդերձանքով՝ մեղմությամբ ու արժանապատվությամբ, ապա վերադառնում երգեհոնի մոտ և գրեթե շշնջալով երգում վերջին տունը՝ խոր ցավի ու կարեկցանքի հուզառատ ելևէջներով, որից սիրտդ լցվում է Աստծո ներկայությամբ»:

Լուսանկարում՝ Կոմիտաս Վարդապետը և Լուի Լալուան: Կոմիտասը բանախոսում է միջազգային երաժշտական 5-րդ համաժողովում (Փարիզ, 1914, հունիս):