Ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր

ՀՀ-ԵՄ Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են նաև մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես՝ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Փաստաթուղթը ստորագրել են Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։ Կապակցվածության գործընկերությանը Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրվածության կոչին աջակցելու նպատակով Եվրոպական Միությունը հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել է մտադրության 6 նամակ։

Հաջորդիվ ստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրում ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակացող Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը։ Այն նաև ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու վերաբերյալ։

Գագաթնաժողովի շրջանակում համաձայնություն է ձեռք բերվել հրապարակել ԵՄ-ում/ԵՏՏ-ում/Հայաստանում գրանցված ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումների իրականացման հետաքրքրության հայտեր ներկայացնելու հրավերը: