Ադրբեջանական թերթում գրված է՝ «դատախազի մեղադրական եզրակացությունն ուղղված է Հայաստանի դեմ»
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Հայ գերիները և Բաքվում աղմկահարույց դատավարությունը Ալիևի ձեռքում դարձել են հակահայկական քարոզչության և ատելության հրահրման հզոր գործիքներ։
Նույնիսկ Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածություններից հետո, երբ կողմերը պարտավորվեցին թշնամանք չհրահրել, Ալիևը վերադարձից անմիջապես հետո սկսեց վիրավորել հայերին՝ անվանելով նրանց «թշնամիներ» և «հիվանդ հասարակություն»։
Նա շարունակում է պահանջել փոխել Հայաստանի Սահմանադրությունը, թեև դա ՀՀ ներքին գործն է։
Բաքվում դատական ֆարսի մասին նյութերի [ադրբեջանական] վերնագրերը ձևավորում են հայերի՝ Ադրբեջանի դեմ կատարած սարսափելի հանցագործությունների մասին առասպելներ՝ հիմնվելով անհեթեթ վկայությունների վրա։
Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի գործով հանդես են գալիս մարդիկ, որոնք պատմում են 90-ական թթ․-ի «հանցագործությունների» մասին, չնայած Վարդանյանն այդ ժամանակաշրջանում Արցախի հետ որևէ առնչություն չի ունեցել։
Ադրբեջանը չի ամաչում նման հորինվածքներից։ Դատական գործընթացն ընթանում է առանց միջազգային լրագրողների կամ ներկայացուցիչների մասնակցության՝ չնայած «թափանցիկության» մասին հայտարարություններին։
Ալիևը գերիներին օգտագործում է որպես Հայաստանի վրա ճնշման լծակ։ «Բակինսկիյ ռաբոչիյ» («Բաքվի աշխատավոր») թերթում, որը հիմնադրել է Ադրբեջանի նախագահի գործերիի կառավարման վարչությունը, հրապարակված է նյութ, որում գրված է՝ «դատախազի մեղադրական եզրակացությունն ուղղված է Հայաստանի դեմ»»։
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, Բաքվի դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

