Կառավարությունը սահմանել է ավտոմեքենաների հեղուկ վառելանյութի լցակայանների շահագործման անվտանգության կանոնները
ՀՀ կառավարության որոշմամբ այսօր սահմանվել են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։
Հիմնավորման մեջ նշվում է, որ հաստատուն և շարժական լցակայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ և շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ։
Սակայն ներկայումս առկա չէ ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցակայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտ, ինչը ոչ միայն անհավասար պայմաններ է ստեղծում շուկայում, այլև՝ կաշկանդում է պետության կողմից վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացումը, ինչն էլ լրջագույն ռիսկեր է պարունակում բնակչության առողջության ու կյանքի երաշխավորման տեսանկյունից:

