Այնպիսի հայհոյանքներով SMS եմ ստացել, որ չեմ էլ կարող մեջբերել. Սուրեն Թովմասյան

«Ցավում եմ նման հայտարարությունների համար, մամուլից տեղեկացված եմ, որ առկա է քրեական վարույթ՝ դիմում-բողոքի հիման վրա»,-կառավարության սրահում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նա նշեց, որ աշխատանքից ազատված կնոջ կողմից նշվում է, որ իրեն հայհոյանքներ են ուղարկել։

«Այն ես համարում եմ այնքան անձնական հարց, որ նման բառապաշար և նման խոսքերով արտահայտություն իմ լեքսիկոնում չկա և չեմ էլ կարող մեջբերել։ Այո, հայհոյանքներով SMS եմ ստացել, բայց այն բացարձակապես կապ չունի»,- նա ժխտեց իր, Կադաստրի գլխավոր քարտուղարի և մերձավորների մասնակցությունը այդ միջադեպին՝ տեղեկացնելով, որ քննչական գործողություններն ընթացքի մեջ են։

Թովմասյանը նշեց, որ իրավապահ համակարգը կտա համապատասխան մեկնաբանություն։

Հիշեցնենք, որ Կադաստրի պետական կոմիտեի նախկին աշխատակից Վերոնիկա Միքայելյանը ահազանգել էր, որ իր ամուսնուն առևանգել են, տարել Լուսակերտ, մի ամայի տարածքում դաժանաբար ծեծել:

Ամուսինը գնացել է Կադաստրի կոմիտե՝ կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով: Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։

Սուրեն Թովմասյանը նաև հայտարարեց, որ այդ կնոջն ազատել են Քաղծառայության օրենքին համապատասխան, ծառայողական քննություն անցկացնելու արդյունքում։