Հայաստանը կամավոր տարբերակով հրաժարվել է ՀԷՑ-ի վերաբերյալ Արբիտրաժի միջանկյալ որոշումը կատարել. Գալյան

«Մենք այս պահին ունենք հետևյալ իրականությունը՝ միջազգային Արբիտրաժը կայացրել է միջանկյալ որոշում, ըստ էության, հայցի ապահովում կիրառելու մասին, որն այս պահին չի կատարվում կառավարության կողմից՝ կամավոր տարբերակով»,- լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ն չի կատարում Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը ՀԷՑ-ի վերաբերյալ:

Ըստ նրա, կա մեխանիզմ, որ դա կատարվի հարկադրաբար և կա դա չկատարելու մեխանիզմ, եթե դատարանները կորոշեն, որ այդ որոշումը հակասում է հանրային կարգին:

Նախարարի խոսքով, սրանք կարգավորումներ են, որոնք կան միջազգային համապատասխան իրավական ակտերում և ներպետական իրավական ակտերում:

«Ես չէի ուզենա շատ մեկնաբանել արբիտրաժային համապատասխան որոշումը, բայց այդ որոշումը վերաբերում է մեր օրենսդրական ակտին, որը կատարվել է Հայաստանի կողմից: Այսինքն, Հայաստանը գործել է օրենքի շրջանակներում, իսկ արբիտրաժային որոշմամբ սահմանվում է հետևյալը, որ մենք չպետք է կիրառենք մեր ներպետական օրենսդրությունը: Կներեք, սա մեր պետությունն է, և մենք ասում ենք, որ մեր պետությունը իրավական է,  պետք է հետևի իրավական կարգավորումներին, որոնք կան, գործող են և սահամանադրական են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել և արբիտրաժային համապատասխան որոշումը հակասում է հենց դրան»,-ասաց Ս. Գալյանը:

Գալյանի խոսքով,  եթե դատարանը կայացնի որոշում, որ կառավարությունը պետք է կատարի արբիտրաժի որոշումը, հարկադիր կատարումն ապահվող ծառայության միջոցով պետք է կատարվի, բայց քանի որ գործ ունի օրենքի ու օրենքի կատարման հետ, չի պատկերացնում, «թե ինչպես կարող է դատարանը, ցանկացած այլ մարմնի ասի՝ մի կատարեք ձեր երկրի օրենքների պահանջները»։

Հիշեցնենք, որ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնել էր, որ «2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։