Իրան-ՄԱԳԱՏԷ բանակցությունների երկու փուլն էլ ավարտվել են անարդյունք
Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները արդեն անցկացրել են բանակցությունների երկու փուլ, սակայն արդյունքում որևէ որոշում չի կայացվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Այս պահին գործակալության գլխավոր տնօրենի տեղակալի մակարդակով անցկացվել է բանակցությունների երկու փուլ՝ Արտաքին գործերի նախարարության և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, սակայն դեռևս կոնկրետ արդյունքներ չկան»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։ Բաղայիի խոսքով՝ գործակալության հետ Իրանի շփումները շարունակվում են, սակայն ներկայիս պայմաններում ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցության կանոնակարգերը դեռևս քննարկվում են, և գործակալության հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։

