Զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով 11 քաղաքացիական հայցից 8-ը ընդունվել է վարույթ. Սամվել Կարապետյանի փաստաբաններ
Հայցվորները պահանջում են հրապարակային ներողություն խնդրել կամ հերքել սոցցանցերում կամ ԱԺ ամբիոնից արված հայտարարությունները։
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանները զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով 11 քաղաքացիական հայց են ներկայացրել, որոնցից ութն արդեն վարույթ են ընդունվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց պաշտպանական թիմի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը գործարար Կարապետյանի հայցով կալանք է դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի բանկային հաշիվների վրա։ Ըստ մամուլի՝ հայցեր են ներկայացվել նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյանը, քաղաքագետներ Հարություն Մկրտչյանի, Լևոն Շիրինյանի և Ռուբեն Մեհրաբյանի դեմ։

