Դաշնակցությունը սոսկ կուսակցություն չէ, որը փակես ու նրանից ձերբազատվես․ Ռոբերտ Մարգարյան
Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իմ ապրած 56 տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ եմ ՀՅԴ-ի դեմ հալածանքների ականատես լինում:
Առաջինը 1980-ական թվականների սկզբին՝ Իրանում: Չարաշահելով Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրում տիրող մթնոլորտը, շարունակ համայնքի կողմից մերժված սովետական կարգերի մի խումբ համախոհների սուտ մատնության արդյունքում Իրանի ժամանակի կառավարության կողմից կալանավորվեցին համայնքի մի խումբ Դաշնակցական գործիչներ: Որոշ ժամանակ անց իրականությունը պարզվելով բոլոր Դաշնակցական գործիչներն արդարացվելով հայտնվեցին ազատության մեջ: Դաշնակցությունը նույնը մնաց ու առավել հզորացած մինչ օրս ղեկավարում է Իրանահայ համայնքը: Իսկ երեկվա սովեատական կարգերի համայնավարները էլի մնալով լուսանցքում ու համայնքի կողմից մերժված, վերջին տարիներին գունափոխվելով դարձան թունդ հակառուսներ ու ամենակարևորը նիկոլականներ ու մինչ օրս հրահանգավորված կերպով շարունակում են իրենց հուդայական ապարդյուն գործունեությունը:
Երկրորդը արդեն 10 տարի անց 1990-ական թվականներին ԼՏՊ-ի կողմից Դաշնակցության դեմ իրականացված հալածանքներին էին: Պատմությունը գիտեք, հետևաբար ձեր գլուխը չցավեցնեմ: Այս բաժնում միայն հիշեցնեմ թե հետագային ինչ տեղի ունեցավ: 2008 թվականի նախագահական ընտրությունների սեմին ԼՏՊ-ն գլխիկոր նստած էր ժամանակին իր կողմից արգելափակված ՀՅԴ-ի կենտրոնում ու աջակցություն էր աղերսում ընկեր Հրանտից ու ընկեր Արմենից, որոնց ինքը ժամանակին կեղծ մեղադրանքներով բանտ էր նստեցրել: Այս դեպքում էլ ԼՏՊ-ն ու ՀՀՇ-ն գնացին, իսկ ՀՅԴ-ն կանգնուն մնաց իր տեղում:
Իսկ երրորդը տեղի է ունենում այս օրերին:
Սա դեռ միայն իմ տեսածն ու ապրածն է: Այս իրողությունը տարածեք ՀՅԴ-ի գոյության 135 տարիների ու նրա ներկայության լայն աշխարհագրության վրա ու նմանատիպ տասնյակ այլ իրողությունների ականատես կլինեք::
Ասածս ինչ է:
Ոչ-ոք չի կարող արգելափակել Դաշնակցությունը: Քանի որ ինչպես սրանից մի քանի տարի առաջ, մինչև Դաշնակցության շարքերին միանալն էի գրել, Դաշնակցությունը սոսկ կուսակցություն չէ, որը փակես ու նրանից ձերբազատվես: Դա Հայի գեների մեջ մտած գաղափարախոսություն ու ինքնություն է: Համոզված եմ ու շարունակելու եմ համոզված մնալ, որ ցանկացած Հայ ծնվում, հասակ է նետում ու իր գիտակից կյանքի առնվազն մի որոշ հատվածը ապրում է որպես Դաշնակցական: Կյանքի ինչ-որ հանգրվանում նրանց մի մասն ինձ պես որոշում է կայացնում Դաշնակցականի երդում տալ: Մի խոշոր հատվածը մնում է որպես համակիր, իսկ մի փոքր բաժինն էլ որոշում է դառնալ հակադաշնակցական: Նույնիսկ այս վերջին խմբին էլ Դաշնակցականությունը չի լքում ու տեղ-տեղ իր գոյությունը զգացնել է տալիս: Հիշում եք, չէ, նիկոլի ներսի Դաշնակցականը ժամանակին ոնց էր բղավում «Արցախը Հայաստան է ու վերջ» (այդ մասին նույնիսկ ինքն է անկեղծացել):
Խոսք ամփոփեմ:
Դաշնակցությունից ձերբազատվել ցանկացողներին թող հիսաթափեցնեմ, որ դա իրենց չի հաջողվելու: Իրենց հայացքը որ կողմ էլ որ դարձնեն բախվելու են Դաշնակցության գոյությանն ու ներկայությանը:
Երեկ առավոտվանից շատ-շատերն իրար հերթ չտալով մեկն իր Դաշնակցական դասընկերոջը, մյուսն իր պապի երգած Դաշնակցական երգերը հիշելով, մի մասն էլ Դաշնակցության զինանշանի հետ նկարներ տեղադրելով փորձում էին ապացուցել Դաշնակցության հետ իրենց առնչությունը: Երևույթ որ հաստատ (ամենայն հարգանքով բոլոր կուսակցությունների հանդեպ) Դաշնակցությունից բացի ուրիշ որևէ կուսակցության դեպքում տեղի չի ունենա:
Եվ հենց սրա մեջ է թաքնված Դաշնակցության հզորության գաղտնիքը: Դա միայն գիտակցել ու հասկանալ է պետք:

