Միքայել Սրբազանը երկու ամսով կալանավորվեց, նրան տեղափոխեցին «Նուբարաշեն» ՔԿՀ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մաիսիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի միջնորդությունը և կալանավորեց  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

«Դատարանը որոշեց Սրբազանին կալանավորել երկու ամիս ժամկետով, սահմանափակել են շփումները՝ բացառությամբ մերձավորների ու պաշտպանների»,- հայտնեց պաշտպան Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ որոշումը կբողոքարեն, այն բացահայտ ապօրինի, անհիմն է։

«Դատավարն անկախ չէր, իրեն հայտնված բացարկները հիմնավոր էին, որոնք մերժեց։ Հանցագործություն չկա»,- ասաց Զոհրաբյանը։

Պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց․«Նիստին մասնագիտական խայտառակություն էր տեղի ունենում»։ Նրա խոսքով, վարույթը կավարտվի, նիստի ձայնագրությունը կհրապարակայնացնեն, իրավական խայտառակությունը, դատավորի մասնագիտական, ոչ անկախ, ոչ պրոֆեսիոնալ վիճակն ակնհայտ կլինի.

Միքայել սրբազանին տեղափոխեցին «Նուբարաշեն» ՔԿՀ։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: