Սամվել Կարապետյանի և ՀԷՑ-ի կուլակաթափության փորձի աղետալի հետևանքները․ տնտեսագետ

Որպես կանոն, բիզնեսի արդյունավետ զարգացման կարևոր ու առանցքային պայմաններից են հանդիսանում երկրում բիզնես միջավայրի հետևյալ երկու տարրերը` սեփականության անձեռնմխելիությունը` պաշտպանվածությունը և արդարադատության` դատական համակարգի անկախությունը։ Վերջին ժամանակներս Սամվել Կարապետյանի և ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները սակայն ցույց են տալիս, որ այդ երկու գործոններն էլ վտանգված են, որ սեփականությունը մեր երկրում անպաշտպան է և դատական համակարգը անկախ չէ, կայացած չէ։ Իսկ սրա հետևանքները ներդրումային միջավայրի վրա, նախևառաջ օտարերկրյա, աղետալի կարող են լինել։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից շրջանառվող այն փաստարկին, թե պետությունը կարող է ավելի արդյունավետ տնտեսվարող լինել, դա չի համապատասխանում իրականությանը։ Մասնավոր սեփականության ձևը սեփականության ձևերից` պետականի և կոլեկտիվի համեմատությամբ առավել արդյունավետն է, որն ամենաշատն է նպաստում մարդկանց ստեղծագործական մտքի դրսևորմանն ու զարգացմանը և պատասխանատվության ու նյութական շահագրգռվածության բարձրացմանը։ Ոչ պատահականորեն տնտեսական ռեֆորմների առանցքային նպատակը հենց սեփականության ձևի փոփոխությունն է լինում` դրա ապապետականացումը` մասնավորեցումը։ Իսկ միջազգային պրակտիկայում էլ գյուղատնտեսության, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում առավել արդյունավետ է աշխատում մասնավոր սեփականության ձևը։ Պարզից էլ պարզ է, որ այն, ինչ կատարվում ՀԷՑ-ի շուրջ ոչ մի առնչություն չունի արտադրության ու բաշխման և տնտեսվարման արդյունավետ համակարգի ներդրման հետ, այդ հարաբերությունների կատարելագործման հետ։ Պետության կողմից տնտեսվարման դեպքում ոլորտում զգալիորեն կարող են աճել կոռուպցիան, հովանավորչությունը, չարաշահումները և նվազել մատուցվող ծառայությունների որակը, ավելանալ հոսանքի գինը՝ անարդյունավետ ծախսերի հաշվին։ Իսկ պետությունը ունի` ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, բոլոր լծակները, վերահսկելու ՀԷՑ-ի գործունեությունը։ Փորձ է արվում «ազգայնացման և ունեզրկման» ժողովրդահաճո լոզունգներով օգտագործելով տնտեսական պարզագույն գիտելիքներից անտեղյակ, թշվառ, դժգոհ ու տգետ զանգվածների ատելությունն ու չարությունը հարուստների ու մասնավոր սեփականության նկատմամբ, ինչպես դա արվեց անցած դարասկզբին, իրենց իշխանության վերարտադրության խնդիրները լուծել։ Սա շատ նման է անցած դարի կուլակաթափմանը և թե ինչ աղետ բերեց այն գյուղատնտեսությանը, բոլորս գիտենք։ Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ նույնը չի արվում կապի, գազամատակարարման ու ջրամատակարարման ոլորտներում։ Սա պարզապես նեոբոլշևիզմ է։ Այն նախևառաջ նպատակ ունի իշխանությունների կողմից վերահսկողություն սահմանել այդ տնտեսական լծակի, կարևոր, բարձր վճարվող, եկամտաբեր բիզնեսի նկատմամբ՝ աշխատավորական բազմահազարանոց կոլեկտիվի վրա իր բոլոր հնարավոր ակնկալիքներով ու հետևանքներով։ Իսկ դա նախևառաջ նշանակում է ընտրությունների ժամանակ պոտենցիալ հազարավոր ձայներ։

Հայկ Ղազարյան, տնտեսագիտության թեկնածու