Երեկ ուշ էր, այսօր շատ ուշ է, իսկ վաղը կլինի կործանարար

«Երեկ վաղ էր, վաղը ուշ կլինի»… Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի այս արտահայտությունը արդիական է նաև մեր այսօրվա հայկական իրականության համար, ինչը նշանակում է որ ամեն ինչ պետք է չհետաձգել մինչև վաղը։ Մեզ համար ես կձևակերպեի այսպես` «Երեկ ուշ էր, այսօր շատ ուշ է, իսկ վաղը կլինի կործանարար»։ Եթե համախմբված ու միասնական լինեինք և այս ապազգային իշխանությունների հեռացումն այսքան չհետաձգեինք, չէինք կորցնի Արցախը և չէինք հայտնվի այս խղճուկ իրավիճակում։ Անցյալը հետ բերել հնարավոր չէ, իսկ ապագան մշուշոտ է, այս օրն է, որ մեզ է պատկանում, որ կարող ենք փոխել իրականությունը։ Լենինն այս խոսքերն ասել է այն նպատակով, որ հեղափոխության կամ իշխանափոխության ժամանակ ցանկացած ուշացում կհանգեցնի անցանկալի հետևանքների։ Իսկ հեղափոխական ու արմատական բարեփոխումների տրամադրված ժողովուրդը ձգձգումների պարագայում կարող է հիասթափվել, կարող են նոր խանգարող հանգամանքներ ի հայտ գալ պայմանավորված աշխարհաքաղաքական և այլ գործոններով։ Իսկ հեղափոխությունների համար ժամանակի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է։ Անգործությունը որպես կանոն հանգեցնում է անտարբերության, պասիվության, նրան, որ շրջապատող իրականությունը և պայմանները միայն ոչ նպաստավոր են դառնում։ Դա պետք է նկատի ունենան քաղաքական ընդդիմադիր առաջնորդներն ու մտավորական էլիտան։ Ւսկ իշխանափոխության հանրային պահանջ վաղուց է հասունացել։ Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա։ Դեռ ինչքա՞ն պետք է այս իշխանությունները հանձնեն, ինչքա՞ն պետք է մեզ աշխարհով մեկ խայտառակ անեն, այլասերեն, ապականեն, ահաբեկեն, դավաճանեն, կեղեքեն, նվաստացնեն, պղծեն, ծաղրեն, կազմաքանդեն, արժեզրկեն, պառակտեն, մեր բարեկամներից վանեն, որ սթափվենք, ամաչենք, համախմբվենք, վեր կանգնելով մեր ամբիցիաներից ու շահերից և հասկանանք, որ բոլորս նույն նավի մեջ ենք և միասին ենք խորտակվելու, կործանվելու։

Հայկ Ղազարյան

Տնտեսագիտության թեկնածու