Ալլա Պուգաչովային ՌԴ արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալ չի հայտարարել

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հիմքեր չի տեսնում երգչուհի Ալլա Պուգաչովային և հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտին օտարերկրյա գործակալներ ճանաչելու համար, ՏԱՍՍ-ին հայտնել է վարչության պետի տեղակալ Օլեգ Սվիրիդենկոն։

«Մենք առանց փաստերի չենք աշխատում, եթե մարդն ապրում է օրինական դաշտում, դա տեսնում ենք։ «Մինչ օրս որևէ հիմք չկա նրան օտարերկրյա գործակալ ճանաչելու համար»,- պարզաբանել է նախարարության ներկայացուցիչը։

Սվիրիդենկոյի խոսքով՝ Ռուսաստանում քաղաքացիները կարող են օտարերկրյա գործակալ ճանաչվել միայն այն դեպքում, եթե նրանց կողմից հաստատված լինեն օրենքի խախտման փաստերը։

2024թ. մարտին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հարցում էր ուղարկել արդարադատության նախարարություն՝ Պուգաչովային որպես «օտարերկրյա գործակալի հետ փոխկապակցված անձ» ճանաչելու վերաբերյալ։ Հուլիսին Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը նույնպես կոչ էր արել երգչուհուն օտարերկրյա գործակալ ճանաչել և պահանջել նրան զրկել Ռուսաստանում իր ունեցվածքից՝ ռուսական բանակը «վարկաբեկելու» համար։

Այն բանից հետո, երբ սկսվել է ռուսական ներխուժումն Ուկրաինա, ժողովրդական արտիստուհին ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի և երեխաների հետ լքել է Ռուսաստանը և տեղափոխվել Իսրայել։ Նա, ինչպես և նրա ամուսինը, բազմիցս արտահայտվել են Կրեմլի նախաձեռնած «հատուկ գործողության» դեմ։