Գործող բոլոր վարորդական վկայականները սեպտեմբերի 1-ից կկոնվերտացվի թվային տարբերակների. ՆԳՆ փոխնախարար
«Այս պահին առկա բոլոր քաղաքացիների վարոդական վկայականները սեպտեմբերի 1-ից կկոնվերտացվի թվային վարորդական վկայականների»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով նոր օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղարկվել է ԱԺ։
Նրա խոսքով, նոր օրենսդրական կարգավորումներով սահմանվում է, որ եթե պարեկային ծառայողը կարողանում է նույնականացնել վարորդին առցանց, ապա չի կիրառվի վարորդական վկայական չունենալու վարչական ակտը։ Բոլոր նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից։
Ղազարյանը հայտնեց, որ հետագայում եթե քաղաքացին նոր վարորդական վկայական ստանա, ապա պետական տուրք կվճարի, իսկ եթե նաև պլաստիկ տարբերակը ցանկանա, ապա ավելի շատ պետք է վճարի։
Նա նշեց, որ թվայնացվելու են նաև մեքենաների տեխանձնագրերը, և այդ փոփոխություններն արվում են այն նպատակով, որ դյուրինացվի ավտոմեքենաների հետ գործարքները առցանց իրականացնելու գործընթացը։
Ղազարյանը ներկայացրեց օրենսդրական փաթեթի մյուս կարգավորումը, այն է՝ Վարորդական իրավունքի քննությունները վերահանձնել օրենքով սահմանված ժամկետներից շուտ՝ համապատասխան վճարների դիմաց։

