Թրամփը մայիսի 8-ը հռչակել է ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը պաշտոնապես հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում մայիսի 7-ին հրապարակված հռչակագրում:

«Առանց ամերիկացի զինվորների զոհաբերությունների այս պատերազմում հաղթանակ չէր լինի, և մեր աշխարհն այսօր բոլորովին այլ տեսք կունենար»,- ասել է Թրամփը։

Ավելի ուշ Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին պատերազմում օգնել են իր դաշնակիցները, այդ թվում՝ Ռուսաստանը, սակայն կրկին ընդգծել, որ հաղթանակը հիմնականում ձեռք է բերվել Միացյալ Նահանգների շնորհիվ։

«Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցներն ամբողջ աշխարհում օրը տոնում են այս շաբաթ, բայց Միացյալ Նահանգները երբեք չի միացել տոնակատարությանը, այնինչ հաղթանակը ձեռք է բերվել մեծ մասամբ մեր շնորհիվ։ Անկախ նրանից՝ դա մեզ դուր է գալիս, թե ոչ, մենք մտանք այդ պատերազմի մեջ և հաղթեցինք այն, և մեզ օգնություն ցուցաբերեցին շատ մեծ մարդիկ, շատ մեծ դաշնակիցներ։ Բայց ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել, որ մենք գերիշխող ուժը չէինք այդ պատերազմում, այնինչ մենք դա չենք նշում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում մայիսի 8-ը հայտարարել էր Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ում Հաղթանակի օր։ Նա նշել էր, որ Միացյալ Նահանգները «շատ ավելին է արել քան մյուս երկրները»՝ հաղթանակի  համար։

Բացի այդ՝ Թրամփը նոյեմբերի 11-ն էլ հայտարարել էր  Առաջին համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր։