Կառավարությունը ոստիկանների աշխատավարձը 250 հազ․ դրամից 500 հազ․ դրամ դարձնելու մեխանիզմ է ներդնում

«Օրենքի նախագծով առաջարկում ենք ոստիկան դառնալու թուլատրելիության տարիքային վերին շեմը՝ 35 տարին դուրս բերել կարգավորումներից և ըստ այդմ կենտրոնանալ որակական հատկանիշների ֆիզիկական պատրաստվածության, կրթության վրա և տարբեր պրոցեսների օգնությամբ ընտրել ոստիկանության ծառայողին»,- կառավարության նիստում հայտնեց ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ նախատեսվում է բաց ընդունելության համակարգ ներդնել՝ IQ թեստավորման, ֆիզիկական պատրաստականության, հետագայում նաև հոգեբանի ներգրավմամբ ընտրել այն քաղաքացիներին, որոնք պետք է կրթական խողովակով անցնեն և ոստիկանության մասը կազմեն։

Նշելով, որ օրինագծի երկրորդ կարգավորումը համայնքային ոստիկանությանն է վերաբերում, որտեղ կա մոտ 700 թափուր հաստիք՝ Արփինե Սարգսյանն ասաց, որ Քրեական ոստիկանության օրինակով առաջարկում են ունենալ բաց ընդունելություն, որին կկարողանան մասնակցել քաղաքացիական անձինք և ոստիկանության ծառայողները և եթե ոստիկանության ակադեմիայում բարեհաջող կավարտեն կրթությունը, կհամարվեն ատեստավորված և կշարունակեն ծառայությունը։

ՆԳՆ նախարարը վստահեցրեց, որ այդ կարգավորումը թույլ կտա շուրջ 250 հազար դրամ ստացող ծառայողին ստանալ շուրջ 500 հազար դրամ աշխատավարձ։

Արփինե Սարգսյանը նշեց, որ առաջարկվող կարգավորումը միանգամյա է, հետագայում ոստիկանության համակարգ կընդունվեն պարեկայի համակարգի համալրման մեխանիզմով։