Ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիան էլ դատապատեց ադրբեջանական ագրեսիան․ Սերժ Սարգսյան

«Հայ-թուրքական բանակցություններ մեզանից առաջ էլ էին գնում, բայց մենք հրապարակայնացրել ենք, որովհետև հաջողության հասնելու պարագայում մենք կունենայինք հարևան, որն այդքան էլ լավ հարաբերություններ չունի Ադրբեջանի հետ։ Մենք կունենայինք բաց սահմաններ, շփումներ և այլն։ Եվ դրա նախանշանը արդեն տեսանք ապրիլյան պատերազմի օրերին, երբ Մինսկի խմբի շրջանակներում Թուրքիան էլ դատապարտեց ադրբեջանական ագրեսիան»,- Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Բա ի՞նչ անեինք, չբանակցեինք, բերեինք հասցնեինք այն իրավիճակին, ինչին հասցրեցին սրա՞նք, որ թուրքական կողմն անմիջական մասնակցություն ունեցավ 44-օրյա պատերազմին»,- հարցադրում է արել Սերժ Սարգսյան՝ հավելելով, որ նույնիսկ Հայաստանի բարեկամները փորձում էին մեզ մեղադրել հայ-թուրքական հարաբերությունների բացակայության մեջ։ «Եվ մենք ապացուցեցինք, որ առանց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման՝ պատրաստ ենք բանակցություններ ու հարաբերություններ ունենալու։ Եվ ամբողջ աշխարհը համոզվեց, որ հարաբերությունների բացակայությունը մեր պատճառով չէ, դա ձեռքբերում չէ՞»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իրենց գլխավոր նպատակը եղել է Թուրքիային զերծ պահել կոնֆլիկտի կողմ լինելուց։ «Եվ գոնե մեր ժամանակահատվածում դա առերևույթ իրականացվել է։ Եթե ստորագրվեին արձանագրությունները, նաև իրականության մեջ դա կիրականանար»,- ասել է Սարգսյանը։