Ես վարչական շրջանի ղեկավարից բացի՝ նաև տղա եմ․ Տեր-Մարգարյանը՝ Չախոյանին ծեծելու մասին

Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ անդրադառնալով ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքին, որին մասնակցել է նաեւ ինքը:

Հարցին՝ նորմա՞լ է, որ որպես վարչական շրջանի ղեկավար մասնակցում էիք ծեծկռտուքին, նա արձագանքեց. «Ես վարչական շրջանի ղեկավարից բացի նաեւ տղա եմ, ու երբ գալիս են, հայհոյում են վարչական շրջանի ղեկավարին ու անվայել պահվածք են դրսեւորում, այո, կարծում եմ՝ ճիշտ է»:

Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծել են ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանեցին շենք, բերման ենթարկեցին միայն Չախոյանին, իսկ մյուս պաշտոնյաններին՝ մասնավորապես, ծեծի մասնակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին՝ ոչ։