Արցախում բենզինի պահեստի պայթյունից զոհվածներից 78-ը ուժային կառույցների ծառայողներ էին. Շահրամանյան
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով զոհերից 78-ը եղել են ուժային կառույցների ծառայողներ։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը` անդրադառնալով այն խնդրին, որ պայթյունի հետևանքով զոհվածները որևէ կարգավիճակ չունեն։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստի պայթյունից 219 անձ զոհվել է, 22-ը` անհետ կորել, ևս 300-ը վիրավորվել են։ Այժմ զոհվածների հարազատները բարձրաձայնում են խնդրի մասին` պահանջելով որևէ կարգավիճակ տալ նրանց։
«Տեղյակ եմ խնդրին։ Պայթյունի հետևանքով ուժային կառույցի 78 ծառայող է այդտեղ զոհվել։ Մենք հատուկ շեշտում ենք, որ զոհվել են, որովհետև դա ագրեսիայի հետևանք է։ Այդ անձինք պետք է համապատասխան կարգավիճակ ստանան։ Այդ ուղղությամբ մենք աշխատանքներ իրականացնում ենք։ Հարազատների հետ պարբերաբար հանդիպում եմ, քննարկում ենք հնարավոր լուծումները»,– նշեց Շահրամանյանը։
Նրա խոսքով` այս հարցում պատասխան պետք է ակնկալել նաև ՀՀ կառավարությունից։

