ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել Իրանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրին
Չորեքշաբթի կայացած նիստում Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման օրենքին, հայտնել է «Ինտերֆաքսը»։
2025թ. հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի 1-ին հոդվածում ասվում է, որ կողմերը «ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում և սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում»:
Բացի այդ, համաձայն փաստաթղթի, «եթե պայմանավորվող կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա մյուս պայմանավորվող կողմը չպետք է ագրեսորին տրամադրի որևէ ռազմական կամ այլ օգնություն, որը կնպաստի ագրեսիայի շարունակմանը, և կաջակցի այն բանին, որ առաջացող տարաձայնությունները կարգավորվեն ՄԱԿ Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ նորմերի հիման վրա»։
Պայմանագրում նշվում է, որ կողմերի հետախուզական և անվտանգության ծառայությունները փոխգործակցում են առանձին համաձայնագրերի շրջանակում։
Փաստաթուղթը նաև սահմանում է, որ «համապարփակ, երկարաժամկետ և ռազմավարական գործընկերության շրջանակում պայմանավորվող կողմերը հաստատում են իրենց հանձնառությունը՝ զարգացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը՝ իրենց միջև համապատասխան համաձայնագրերի հիման վրա, հաշվի առնելով փոխադարձ շահերն ու միջազգային պարտավորությունները, և նման համագործակցությունը դիտարկում են որպես տարածաշրջանային և գլոբալ անվտանգության պաշտպանության կարևոր բաղադրիչ»։
Կողմերը սերտորեն կհամագործակցեն սպառազինությունների վերահսկման, զինաթափման, չտարածման և միջազգային անվտանգության ապահովման հարցերի շուրջ համապատասխան միջազգային պայմանագրերի և միջազգային կազմակերպությունների շրջանակում, որոնց նրանք մասնակից են, և այդ հարցերի շուրջ կանցկացնեն կանոնավոր խորհրդակցություններ:
Բացի այդ, կողմերը «կնպաստեն խաղաղության և անվտանգության ամրապնդմանը Կասպիական տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում, կհամագործակցեն միջամտությունն այդ տարածաշրջաններում և երրորդ պետությունների ապակայունացնող ներկայությունը այնտեղ կանխելու հարցում, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն աշխարհի այլ տարածաշրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ»:

