Մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԻՆՍԿ-ի խումբը լուծարելու մասին դիմումը ստորագրել միաժամանակ. Փաշինյան

Մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության հանաձայնագիրը և ՄԻՆՍԿ-ի խմբի  կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ, ԱԺ-ում այսօր հայտարարել է Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։

Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։

Փարատելու համար այս մտահոգությունը, մենք Ադրբեջանին առաջարկում ենք, խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված  համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։

Այսինքն, սեղանին դնել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խումբ խմբի կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը և նույն տեղում, նույն պահին ստորագրել, թե առաջինը և թե երկրորդը։ Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է»,- ասաց նա: