Եթե սկսենք քննարկել, թե որ տարածքը 100 տարի առաջ ում է պատկանել, ով ավելի շատ մարդ է սպանել, մենք այլ հակամարտության կգանք․ Միրզոյանը՝ Բայրամովին

Ես չեմ կարծում, թե անցյալը փորփրելը կառուցողական մոտեցում է և կօգնի բհասնել բոլորիս համար շահավետ լուծման։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ընթացող քննարկմանը, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի հնչեցրած նախապայմաններին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանն առաջարկել է կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա։

«Եթե մենք հիմա կենտրոնանանք պատմության վրա և սկսենք քննարկել, թե որ տարածքը 100 տարի առաջ ում է պատկանել, ով ավելի շատ մարդ է սպանել, մենք մեկ այլ հակամարտության կգանք։ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը կողմնակից են տևական խաղաղության հաստատմանը։ Մեզ հաջողվեց երկար բանակցություններից հետո վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը, և առաջարկել են անհապաղ խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի վերաբերյալ։ Արդյո՞ք խաղաղության պայմանագիրը կլուծի բոլոր հնարավոր հարցերը, իհարկե ոչ։ Աշխարհում չկա որևէ մի համաձայնագիրը, որը կարող է անել դա։ Սա հարաբերությունների հաստատման սկիզբն է։ Իհարկե, բազմաթիվ մնացած հարցեր կան, և մենք կարող ենք շարունակել դրանց քննարկումը, քննարկել համագործակցության հնարավորությունները։ Պայմանագրի համաձայնեցված տեքստում մենք դրույթ ունենք, ըստ որի՝ երկկողմ հանձնաժողով պետք է ստեղծվի այս բոլոր խնդիրները քննարկելու համար՝ այդ թվում այն հարցերը, որոնք կարող են այս կամ այն կերպ մեկնաբանվել։ Սա մոտեցման ու որոշման հարց է։ Մենք՝ որպես արտգործնախարարներ, ի՞նչ ենք առաջարկում մեր հասարակություններին, ի՞նչ ենք որպես երկրներ առաջարկում տարածաշրջանին և աշխարհին՝ նորից գնալ պատմության խորքե՞րը, թե միասնական ապագա և բարգավաճում ենք ապահովում մեր քաղաքացիների համար։ Այժմ կան բոլոր դրական նախապայմանները պայմանագիրը ստորագրելու, երկխոսության նոր փուլ սկսելու և խաղաղ հարաբերությունների, բարգավաճման նոր էջ բացելու տարածաշրջանում։