«Անցել է դրական մթնոլորտում». Դարչիևը` ՌԴ–ԱՄՆ բանակցությունների մասին
Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններն անցել են դրական մթնոլորտում։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան, Ստամբուլում ամերիկացի դիվանագետների հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Դարչիևը։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի կարգավորման վերաբերյալ երկկողմ փորձագիտական խորհրդակցությունների հերթական փուլն անցել է դրական մթնոլորտում և թույլ է տվել առաջ շարժվել այդ խնդրի լուծման հարցում, որն առաջադրել են երկու երկրների նախագահները», – ասել է Դարչիևը:
Նա նշել է, որ կողմերը նոտաներ են փոխանակել, որոնք ամրագրում են ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների անխափան բանկային և ֆինանսական սպասարկման փոխադարձ երաշխիքների մասին պայմանավորվածությունը` ներառյալ Ռուսաստանի Դաշնության վճարումները ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագետների տեղաշարժի դյուրացման, ինչպես նաև նրանց վիզային ձևակերպման հետագա միջոցառումների մասին», – ասել է Դարչիևը:
Նրա խոսքով՝ ՌԴ և ԱՄՆ դիվանագետները Ստամբուլում նշել են ամերիկյան նախորդ վարչակազմից «ժառանգած» դժգոհությունների առկայությունը, ռուսական կողմը խոսել է դիվանագիտական սեփականությունը ՌԴ-ին վերադարձնելու անհրաժեշտության մասին:
«Պատվիրակությունների ղեկավարներն արձանագրել են ամերիկյան նախկին վարչակազմից ժառանգություն ստացած լուրջ դժգոհությունների առկայությունը, որոնք անհրաժեշտ է անհապաղ վերացնել վստահության ամրապնդման ու միջպետական լիարժեք կապերի վերականգնման համար», – հայտնել է դիվանագետը:
Ընդգծվել է նաև, որ գործարար կապերի, հասարակությունների և մարդկանց միջև շփումների ընդլայնմանը կնպաստեր Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը:
Դիվանագետը նշել է, որ ստամբուլյան բանակցությունների արդյունքում ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունները աշխատանքներ կտանեն հաջորդ հանդիպման մասով, որի ժամկետները հստակեցվում են:

