Փաշինյանը յոթ տարի մնացել է նույն՝ առաջին դասարանում

Այսօր կառավարության նիստում Փաշինյանը որոշել էր անդրադառնալ նաև նպաստառուների խնդրին՝ ասելով, որ չնայած պետության ջանքերին, աղքատությունը երկրում չի հաղթահարվում։ Ըստ նրա՝ նպաստ տալով, պետությունը թույլ չի տալիս, որ քաղաքացին հաղթահարի աղքատությունը և սերնդեսերունդ նրանք մնալով նպաստառու՝ ապրում են աղքատության մեջ։ Հայաստանում իբրև կան ընտանիքներ, որոնք 30 տարի շարունակ անապահովության նպաստ են ստացել։ Եվ դրանում նա մեղադրում է կառավարություններին, իշխանություններին՝ այդ թվում՝ իրեն։ «Գիտելիքի պակասից է, որ նման վիճակ է ստեղծվել», -եզրահանգեց Փաշինյանը և խոստովանեց, որ յոթ տարվա ընթացքում նա նոր է հասկանում, թե ինչու այդ ոլորտում ներդրված գումարներն ու իրականացվող ծրագրերն արդյունք չեն տալիս․ «Այն, որ ես դրա մասին հիմա եմ խոսում, նշանակում է ես յոթ տարի մնացել եմ նույն դասարանում։ Որովհետև եթե ես սովորեի, վեց տարի առաջ այս ելույթը նույն տեղում կունենայի։ Պատկերացնում եք՝ ես յոթ տարի մնացել եմ առաջին դասարանում։ Ինչու այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս, մենք ենք իրենց առաջնորդողները, և մենք այդ մարդկանց առաջնորդում ենք դեպի աղքատություն, դեպի տգիտություն։ Մենք մինչև հիմա պրոբլեմը չգիտենք։ Դեղ է, որ լցնում ենք բուժառուի վրա, բայց չգիտենք ինքը ինչից է բողոքում, ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի։ Մեր պետական ինստիտուտները մնացել են զրո դասարանում»։

Որոշ ժամանակ առաջ էլ Փաշինյանը նույն ոգևորությամբ խոսում էր երկրում և մասնավորապես կառավարման համակարգում առկա կադրային սովից՝ նորից թիրախավորելով իր թիմակիցներին, որոնք նրա համոզմամբ՝ իրենց գործի մասնագետը չեն, ոլորտային գիտելիքներ չունեն, արհեստավարժ չեն։ Այսօր ևս նա առիթը բաց չթողեց կառավարման համակարգում աշխատողներին անվանարկելու․ «Այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, չգիտեն ինչով են զբաղված, առավոտ վեր են կենում, գնում գործի, իրենց գործն ինչի՞ մասին է՝ 5000 դրամ փախցնելու, մի բան փախցնելու, սեփականաշնորհելու, մեկին խաբելու, ունեցվածքը ձեռքից առնելու մասին է։ Ամբողջ կառավարման համակարգին է սա վերաբերում»։

Հիշո՞ւմ եք՝ երբ այս մորուսավորները փողոցից նոր էին զբաղեցրել իրենց պաշտոնները, և արդեն իսկ ակնհայտ էր, որ նրանք բոլոր կառավարման ինստիտուտները դեպի փլուզման են տանում, նրանց աջակցողների այն ժամանակ դեռ հոծ բազմությունը հուսադրում էր, թե թողեք աշխատեն։ Ժամանակի ընթացքում կսովորեն, կհմտանան և երկրում աննախադեպ զարգացում կապահովեն։

Յոթ տարին մի ակնթարթի պես անցավ, Փաշինյանը կադրային բազմաթիվ տեղափոխություններ իրականացրեց, նորանոր նշանակումներ՝ պատասխանատու, կարևոր պաշտոններում, որոշ դեպքերում կադրային ջարդեր, բայց կառավարման համակարգում մասնագիտական ներուժը ոչ թե առողջացել է, այլ հակառակը՝ տկարացել, ամեն նորելուկ կադր մի հերթական աղյուս է պոկում այն ոլորտից, որի կառավարիչ է նշանակվում։ Փաշինյանի սիրտն էլ չի հովանում, նա շարունակում է դժգոհել ու դժգոհել՝ խոստովանելով, որ իր թիմը բանի պետք չէ, «մեկ է՝ էլի մնալու է առաջին դասարանում»։

Սա մեզ համար համապետական, համազգային ողբերգություն է, քանի որ երկրի ղեկը հանձնված է մի ապիկարի, որը անգամ պրոֆեսիոնալների թիմ չի կարողանում հավաքել։ Ավելին, ինչպես մի քանի անգամ նա հասցրել է դժգոհել, իր ասածները բանի տեղ դնող էլ չկա և իր հրահանգները, հորդորները սովորաբար պաշտոնյաների ականջի կողքով են անցնում։ Փաշինյանը չունի այնքան հեղինակություն իր թիմում, որ նրա հանձնարարականները կատարվեն։ Եթե խոսքը ցնցուղ փոխելու մասին չէ, իհարկե, այլ կարևոր հարցերը կարգավորելու, ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու և ընդհանրապես թիրախային ու գործող ծրագրեր կազմելու։ Առաջ գոնե ասֆալտով մարդկանց աչքերին թոզ էին փչում, հիմա այդ հեքիաթն էլ չեն կարողանում ճիշտ մատուցել մարդկանց։

Հըն, պարոն Փաշինյան, այսքան տարում այդպես էլ չկարողացա՞ք գյուղացուն անգլերեն սովորեցնել, որպեսզի նա կարողանա ազնվամորի աճեցնել։ Կա՞ մի ոլորտ, որում Փաշինյանը և իր կադրերը չեն ձախողել։ Թվերը, վիճակագրությունը խոսուն են՝ տնտեսական ցուցանիշներում անկում է գրեթե բոլոր ճյուղերում, սոցիալական ծրագրերը միայն պետական բյուջեի միջոցներն են խժռում՝ անպտուղ, աղքատությունը աճել է, ու թվերը ամենևին հուսադրող չեն, սպառողական շուկան սեղմվել է, գնողունակության անկումը մարդկանց սոցիալական տխուր վիճակի մասին է վկայում, թոշակներն ու նպաստները լճացել են, այնինչ գնաճը հետևողականորեն Հայաստանը դարձնում է աշխարհի ամենաթանկ, բայց աղքատ երկրներից մեկը։

Ի՞նչ կարելի է անել այս վիճակում։ Ի՞նչ են անում անպիտան աշխատողների հետ, այսպես ասած за профнепригодность։ Լավագույն դեպքում ազատում են աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։ Բայց իրենց աշխատանքն ամբողջությամբ ձախողած ու ազատման դիմում չգրող աշխատակիցներին շլիքներին տալով վռնդում են։ Փաշինյանի խոստովանությունները լիովին դրա հիմքերը տալիս են։

 

Թագուհի Ասլանյան