Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ–ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի կուտակման մասին լուրերը։

Վերջին օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի կուտակումների և տեղաշարժերի մասին:

«Արտաքին հետախուզության ծառայության կողմից հավաքվող տեղեկությունները գաղտնագրված են, և, ըստ այդմ, իրավունք չունենք Ձեզ դրանք տրամադրել»,- նշված է Sputnik Արմենիայի գրավոր հարցման` ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանի տրամադրած պատասխանում։

ԱՀԾ-ում առաջարկել են հետևել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններին։

Գրավոր հարցմամբ նաև հետաքրքրվել էինք, թե ինչպես է ծառայությունը գնահատում Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունների հավանականությունը այս և մոտակա ամիսների ընթացքում։ ԱՀԾ-ում այս հարցին ևս չեն պատասխանել։