Պռոշյանցիները կրկին փակել էին ճանապարհը
Տրանսպորտի թանկացմանն ու կատարված փոփոխություններին չհամակերպվող պռոշյանցիներն ու քասախցիներն այսօր առավոտից փակել էին Երեւան-Աշտարակ մայրուղին։ Բողոքի են դուրս եկել կանայք, տղամարդիկ, ասում են՝ պայքարելու են, մինչև հասնեն իրենց նպատակին։
Բողոքի ակցիային մասնակից ուսուցչի խոսքով, ոստիկանության գնդապետն իրենց խելամիտ առաջարկ է արել, վաղը չորս հոգու պատրաստ են ընդունել կառավարությունում։
«Մենք կներկայացնենք մեր պահանջները, առաջարկները, հիմնավորումները։ Երևանին է սպասարկելու ավտոբուսը, թող հասնի այստեղ։ Եթե վաղը չընդունեցին մեր առաջարկները, ավելի շատով կհավաքվենք։ Դպրոցի աշակերտներն էլ դպրոց չեն գնա, ծնողները, Երևան գնացողները, այս ճանապարհով աշխատանքի գնացողները, քացախցիների մասին էլ չեմ խոսում»,-նշել է ուսուցչուհին։
Ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

