Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք կարող են անվճար կրծքագեղձի սքրինինգ անցնել. ԱՆ

«Վանաձոր» բժշկական կենտրոնում մեկնարկել է սքրինինգային ծրագիրը։ Միջոցառմանը ներկա առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը նշել է.  «Ապրիլյոթյան մեծարման խոսքեր հղելուց բացի, պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել` պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է»:

Այսուհետ Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք, որոնք ներքոհիշյալ խմբերից որևէ մեկի շահառու են, կարող են անվճար անցնել կրծքագեղձի սքրինինգ, դրան հաջորդող ամբողջ շղթան նրանց համար ևս պետական պատվերով կլինի:

Խմբերը հետևյալն են`

  • Առաջինից երրորդ կարգի հաշմանդամ
  • Սոցփաթեթի շահառու
  • Ունեն սոցիալական խումբ
  • Ընտանիքի անդամն այդ պահին գտնվում է զինվորական ծառայության մեջ:

Առողջապահության նախարարության այս ծրագիրը ներդրվելու է բոլոր մարզերում:

Մինչ ծրագրի ներդրումը, տվյալ բժշկական կենտրոնը ստանում է հավաստագիր, համալրվում է համապատասխան սարքավորումներով, մասնագետներն անցնում են վերապատրաստումներ:

Այս ծրագրի հիմքում կրծքագեղձի պիլոտային ծրագիրն է ու դրա հաջող ընթացքը:

Պիլոտային ծրագրով շարժական մամոգրաֆի միջոցով 4 մարզում արդեն 34 000 կին է հետազոտվել: