ՄԻԵԴ-ից ռազմագերիների մասին հայցերը հետ կանչելով՝ չի բացառվում Փաշինյանը մեր տղերքին ռազմական հանցագործներ հայտարարի
Այսօր Կառավարության շենքի մոտ 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորածների ծնողները լռության ակցիա էին իրականացնում՝ նորից ու նորից փորձելով կառավարության, իշխանությունների ուշադրությունը սևեռել անհետ կորած մեր զինվորներին հայրենիք վերադարձնելու հարցին։ Գրեթե հինգ տարի է անցել, իսկ նրանց ծնողներն այդպես էլ որևէ պատասխան չեն ստացել իշխանություններից, որևէ պատասխանատուից, անգամ ջանքեր չեն նկատվում այդ ուղղությամբ։ Մինչդեռ տարեցտարի ավելի ու ավելի են քչանում նրանց գտնելու և վերադարձնելու հույսերն ու հնարավորությունները։ Հիմա էլ, երբ չարչրկված խաղաղության համաձայնագրում ամրագրվեց ՄԻԵԴ-ից Ադրբեջանի նկատմամբ բոլոր հայցերը հետ կանչելու պահանջը, անհետ կորածների խնդիրը միջազգային իրավական կառույցներով լուծելու հույսն էլ սկսեց նվազել։ ՀՀ իշխանությունը զավթած խմբակը այնքան քաջություն չի ունեցել՝ ադրբեջանական պահանջները բավարարող այդ թղթում գոնե գերեվարված հայ զինվորների վերադարձի հարցը ընդգրկելու։ Արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնած Արարատ Միրզոյանն է այդ մասին խոստովանել՝ ասելով, թե ռազմագերիների հարցը չի ընդգրկվել խաղաղության փաստաթղթում։ Դատելով իշխանությունների չեզոքությունից՝ տպավորություն է, որ նրանց ընդհանրապես չի հետաքրքրում ռազմագերիների ճակատագիրը, և մենք գործուն ջանքեր էլ չենք տեսնում նրանց կողմից։ Միայն տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ են փորձում խնդրին ընթացք տալ, սակայն դրա համար էլ կարևոր գործիքակազմ է միջազգային դատարաններում ներկայացված հայցերի բավարարումը։ Փաստորեն քիչ է՝ իշխանությունները չեն զբաղվում մեր տղաների ճակատագրով, մի բան էլ ընդառաջելով Ալիևին՝ խոչընդոտներ են ստեղծում իրավապաշտպանների համար, որպեսզի մեկընդմիշտ փակվի տղաներին տուն վերադարձնելու հարցը։ Դե նրանք էլ հո ադրբեջանցի մարդասպաններ չեն, որ փութկոտորեն հանձնեն իրենց հարազատներին։ Միայն Ալիևը կարող է նման նախապայմաններով ադրբեջանցի մարդասպաններին, որոնք այստեղ ցմահ ազատազրկման էին դատապարտված, ազատություն շնորհել Փաշինյանի ձեռքով։ Իսկ սրանք նախապայմաններ չունեն, որովհետև անձամբ վախենում են Ալիևի զայրույթից, բայց անունը դնում են, թե չեն ուզում պատերազմ սադրել։
Կասկած չկա, որ ՄԻԵԴ-ից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելուց հետո Փաշինյանը հայտարարի, թե Բաքվում մենք այլևս որևէ ռազմագերի չունենք, ովքեր Բաքվի բանտերում են, նրանք ռազմական հանցագործներ են, որոնք պետք է իրենց պատիժը հենց այնտեղ էլ կրեն։ Արդեն նրա բերանից նման ակնարկներով հայտարարություններ հնչել են, մնում է դրանք միս ու արյուն ստանան այնպես, ինչպես Արցախի ադրբեջանական պատկանելության մասին հայտարարությունը։
Հայ իրավապաշտպանների, գերեվարված տղաների ծնողների ջանքերով ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ որոշակի առաջընթաց եղել էր։ Հիշենք, որ այս տարվա մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց՝ պահանջելով անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարն էր պահանջել Ադրբեջանում կամայականորեն պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակել։
Իսկ ի՞նչ ասում ՀՀ իշխանությունը գերու կարգավիճակով պահվող մեր տղաների մասին։ Արարատ Միրզոյանը փափուկ բարձ դնելու իր քաղաքականությամբ վստահեցնում է, թե խաղաղության համաձայնագրի համաձայնեցումից, վստահության ամրապնդման այլ միջոցներից հետո, սահմանազատման բարեհաջող ընթացքի դեպքում, երբ փոխհանդուրժող մթնոլորտ ձևավորվի տարածաշրջանում, գուցե, ավելի իրատեսական շանս լինի նաև պահվող անձանց ազատ արձակման համար։ Դե, իհարկե, ուր են շտապում։ Փաշինյանը չէ՞ր, որ իրեն հատուկ կեղծ պաթոսով, ոգեշնչում էր ռազմագերիներին, թե տղերքը մի քանի ամիս կդիմանան։ Բայց դե այս դեպքում ամիս չէ, տարիներ են արդեն անցել, իսկ մեր տղաների ճակատագրի մասին որևէ տեղեկություն չկա։ Այսինքն, իշխանություներն անգամ դա չեն կարողանում ապահովել՝ կապը մեր տղաների հետ, որպեսզի նաև հնարավոր լինի հետևողական լինել նրանց պահման պայմանների հարցում, ծնողների համար տեղեկություն ապահովեն իրենց զավակների մասին։ Իրենք սպասում են իրենց հեղհեղուկ համաձայնագրի ստորագրմանը, սահմանազատման անորոշ գործընթացի ավարտին, ինչը ամենայ կարող է այդպես էլ իրականություն չդառնալ։
Թագուհի Ասլանյան

