Երազանքս է՝ ամփոփվել որդիներիս կողքին՝ Ստեփանակերտի մեր ընտանեկան գերեզմանատանը․Միքայել Հաջիյան

Արցախցի անվանի լրագրող և հրապարակախոս Միքայել Հաջիյանը

գրում է․ «Ուղիղ 9 տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 4-ի ժամը 11․00-ին, Թալիշի պաշտպանական դիրքերում նահատակվեց անդրանիկ որդիս՝ 16 տարեկանում, 1992թ․ դեկտեմբերից Արցախյան ազատամարտին կամավորագրված Նորայրը։ Նահատակվեց իր հին զինակից ընկերոջ՝ ինձ և մեզ համար նույնպես կորուսյալ որդի դարձած Սարգիս Խալաֆյանի հետ միասին, միևնույն արկի պայթյունից։ Չորս տարի անց՝ 2020-ի հոկտեմբերի 6-ին, Հադրութից անդին ձգված դիրքերում թշնամական արկի պայթյունից նահատակվեց նաև կրտսեր որդիս՝ Արցախի պաշտպանությանը նույնպես կամավորագրված Երվանդը։

Երկար ու ձիգ տարիների տառապալի երազանքս է, ամենակարող Տեր Աստված, երանի թե թույլ տայիր ես ևս ամփոփվեի որդիներիս կողքին՝ Ստեփանակերտի մեր ընտանեկան գերեզմանատանը, հայրական գրկիս մեջ առնելով սիրասուն զավակներիս ու նույնպես մասունքվելով նրանց հետ միասին․․․»։