Մարտուն Գրիգորյանի հետ կարող ենք, նստել խոսել. Վարդան Ղուկասյան

Միայն խնդիրները լուծվելուց հետո կարող եմ ասել՝ քաղաքապետ կդառնա՞մ, թե ոչ, որովհետեւ թեկնածուներից մեկը իր խոսքը չի ասել: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

Վարդան Ղուկասյանի խոսքով՝ ընտրության արդյունքները վատը չեն, «հաշվի առնելով, որ պետությունն իր բոլոր լծակներով աշխատել է իմ դեմ, դրսից մարդիկ են բերվել, վարչական ռեսուրսն է օգտագործվել, զորամասերից զինվորներին ասել են՝ զանգեք ձեր ծնողներին և այլն»:

Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Մխիթարյանից և Կարեն Սիմոնյանից։ «Ես գիտեմ, որ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը արդեն հայտարարություն են արել, ես իրենց հետ կբանակցեմ, կցանկանայի, որ իրենց հետ կապված աշխատանքի հարց լուծվեր քաղաքապետարանում: Եթե իրենց ծրագրերում կտեսնեմ առողջ ծրագրեր, կաշխատենք ի շահ քաղաքի դրանք կյանքի կոչել:

Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին, ես հուսով եմ, որ Մարտուն Գրիգորյանը իր խոսքերը, որ ասել է, ինչն էլ պակաս է եղել, կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել: Այնպես որ, ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում»,-ասաց նա, ապա հավելեց․«Ես դեռ պետք է համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, դրանից հետո մենք մեր հայտարարությունը կանենք, թե ով է նպաստում ՔՊ-ին, ում խոսքերը ինչ են: Մենք հեռուստատեսությամբ լսել ենք, որ ինքն ասել է, որ մենք անպայման միանալու ենք, ընդդիմության դաշտը միասին է լինելու, ՔՊ-ն չի անցնելու քաղաքում»,-ասաց նա:

Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8, Մարտուն Գրիգորյանը՝ 6, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 և «Մայր Հայաստանը»՝ 2: