«Եվրադաշինքը» չի բողոքարկելու Գյումրիում ընտրությունների արդյունքները

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը չի բողոքարկելու Գյումրիում ընտրությունների արդյունքները։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց դաշինքի Գյումրիում համայնքի ղեկավարի թեկնածու Լևոն Բարսեղյանը։

«Իմաստ չկա, մեր քվեները այնպիսին չէին, որ բողոքարկելու արդյունքում կամ հնարավոր վերահաշվարկի դեպքում որևէ իրավիճակ փոխվի։ Հարցը 2 մանդատ ունենալ-ունենալը չէ, հարցն այն է, թե գյումրեցին ինչ է նախընտրում «պլյուս-մինուս» մի քան ձայնը ոչինչ չի փոխի։ Կարծում եմ՝ սահմանային էլ լիներ՝ էլի չէինք բողոքարկի»,-ասաց Բարսեղյանը։

Նա նշեց, որ ավելի ուշ նաև ընտրությունների արդյունքների ու ընթացքի վերաբերյալ գնահատականներ կլինեն։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Գյումրի համայնքում մարտի 30-ին անցկացվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյան), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան), «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Մալխասյան), «Մայր Հայաստան» դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյան), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Թումանյան), «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Լևոն Բարսեղյան), «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Ղարաղազարյան), «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան), «Իմ հզոր համայնք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան)։

Ըստ նախնական հաշվարկի, ոչ պաշտոնական տվյալներով,  Գյումրու ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր», Սարիկ Մինասյան – 14 մանդատ

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ

«Մեր քաղաքը»,  Մարտուն Գրիգորյան – 6 մադնատ

«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան – 3 մանդատ

«Մայր Հայաստան», Կարեն  Սիմոնյան – 2 մանդատ։