Թրամփը սպառնացել է Իրանին ռմբակոծություններով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը սպառնացել է Իրանին ռմբակոծություններով և երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ, գրում է Reuters-ը:
Թրամփի սպառնալիքները հնչել են այն բանից հետո, երբ անցած շաբաթ Իրանը մերժել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները վարելու առաջարկը:
Թրամփն NBC News-ին ասել է, որ ԱՄՆ և Իրանի պաշտոնյաները զրուցում են, բայց մանրամասներ չի ներկայացրել:
«Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն: Ռմբակոծություն կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», – ասել է նա:
Նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, որ Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել Է Վաշինգտոնի՝ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկը: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ:
Մինչդեռ դրանից առաջ ԱՄՆ նախագահն ասել էր, որ «վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ», եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։

