Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կարող են վատ բաներ պատահել, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ», եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։ Նա այդ մասին ասել է Սպիտակ տանը լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախագահը հիշեցրել է, թե ինչպես է նամակ ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասել է, որ այսպես թե այնպես ​​ պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կա՛մ Վաշինգտոնն ու Թեհրանը կխոսեն ու կքննարկեն հարցեր, կա՛մ էլ շատ վատ բաներ կկատարվեն Իրանի հետ։

«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Իրանի հետ: Բայց եթե հարցը չլուծենք, վատ, վատ բաներ կպատահեն Իրանի հետ», – նշել է ԱՄՆ նախագահը, որի նպատակն է թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ստեղծել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար: Այդ մասին Axios-ին հայտնել են նամակի բովանդակության ծանոթ մեկ ամերիկացի պաշտոնյա և երկու աղբյուր:

Պարզ չէ՝ երկամսյա ժամկետը սկսվել է նամակի առաքման պահից, թե կսկսվի բանակցությունների մեկնարկից հետո։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը և չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան: