Ես ոչ մի բանի հակված չեմ հավատալու, եթե կարիք լինի կրկնակի փորձաքննության՝ կլինի․ նախարարը՝ արցախցուն խոշտանգելու մասին
Ես ոչ մի բանի հակված չեմ հավատալու, եթե կարիք լինի կրկնակի փորձաքննության, այդպես էլ կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով արցախցի Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման դեպքին։
Քննչական կոմիտեն, Սարգսյանի խոսքով, պետք է կրկին հարցաքննի ոստիկաններին, տուժողին, առերեսում իրականացվի, բոլոր դատավարական գործողությունները տեղի ունենան։
«Առանց դատավարական գործողությունների գնահատական տալ չի ստացվի, դա կլինի միակողմանի։ Ես ՆԳ նախարար եմ և կարիք ունեմ գործը օբյեկտիվորեն հասկանալու, որը մի կողմից կպաշտպանի մեր քաղաքացուն, եթե ոստիկանի կողմից եղել է ներգործություն, մյուս կողմից էլ, եթե չկա ներգործություն, այլ կա զրպարտանք՝ պաշտպանել ոստիկանության այն ծառայողին, որը նման քայլ չի կատարել»,-նշեց նա՝ զերծ մնալով այլ գնահատականներ հնչեցնելուց։

