ԵԱՀԿ Մինսկի խումբը կցրվի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո. Արարատ Միրզոյան
Խաղաղության համաձայնագրերը միշտ կնքվում են երկրների միջև, որոնք մինչ այդ վայրկյանը ունեցել են թշնամություն, պատերազմ, զոհեր և հետևաբար բարեկամների հետ խաղաղություն չեն կառուցում, բարեկամների հետ զարգացնում են հարաբերությունները։ Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով, այս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք մենք և Ադրբեջանը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու և հարաբերությունները վերջնական կարգավորելու համար:
«Ես իհարկե, որոշակիորեն կաշկանդված եմ բառացիորեն մեջբերելու կամ բացելու համաձայնագրի տեքստը, բայց, մեծ հաշվով բովանդակությունը հայտնի է բոլորին և ուզում եմ ասել, որ համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով մենք կարող ենք շարունակել քննարկումները դեպի հարաբերությունների կարգավորում»,-ասաց նա:
Միրզոյանը խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հեռանկարի մասին՝ ասաց. «Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է, մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո, համենայնդեպս, այն կարևոր քայլի կատարումից հետո, ինչպիսին կլինի խաղաղության համաձայնագրի կամ, եթե ավելի ճշգրիտ նշենք, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո, կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով, արդեն փաստաթղթավորված հակամարտությունը մոտեցավ ավարտին, և այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։
Մինչ այս պահը ցավոք մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք շարունակաբար իհարկե հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեզ համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում։
Ուզում եմ նորից հստակ հայտնել մեր դիրքորոշումը․ այն պահին, երբ մենք կունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված»,- ասաց ԱԳ նախարարը:
Նա ընդգծեց, որ համաձայնագրում համաձայնեցված, նախատեսված որևէ դրույթ, որևէ պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել համաձայնագրի ստորագրումից, վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո միայն:

