ԱՄՆ փոխնախագահը «կցնցվեր», եթե Թրամփը միջուկային զենք տեղակայեր Արևելյան Եվրոպայում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մարտի 13-ին հայտարարել է, որ շատ կզարմանար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանար միջուկային զենք տեղակայել Արևելյան Եվրոպայում։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։
«Ես նախագահի հետ չեմ խոսել կոնկրետ այս հարցի շուրջ, սակայն ես կցնցվեի, եթե նա աջակցեր այն գաղափարին, որ միջուկային զենքերը Եվրոպայում տարածվեն դեպի ավելի արևելք։ Խոսքը մարդկության ապագայի մասին է», – ասել է նա՝ արձագանքելով Լեհաստանի նախագահի կոչին՝ երկրի տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու մասին։
Մարտի 13-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Financial Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ին կոչ էր արել միջուկային զենք տեղակայել Լեհաստանում՝ որպես Ռուսաստանի դեմ զսպող միջոց։
Դուդան նշել էր, որ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքը պետք է տեղափոխվի դեպի արևելք, քանի որ դաշինքի սահմանները նույնպես շարժվել են դեպի արևելք 1999 թվականին, երբ Լեհաստանը միացավ ՆԱՏՕ-ին:

