Որ ընկերություններն են նախագծի շահառուները
Նյութը շտկված է։
Կառավարությունն այսօր հաստատեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի 7-ամյա ծրագիրը, քանի որ գործող կարգավորումների ժամկետը լրացել է հունվարի 1-ից:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, նոր 7-ամյա այս ծրագրով նախատեսված է 2 հիմնական ընդհանրական գործիք: «Առաջինն աջակցության ծրագրերն են, այստեղ Կառավարությունը 3 հիմնական ուղղություն է վերցրել 7 տարիների համար: Մասնավորապես՝ այն ընկերությունները, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն կամ ներգրավված կլինեն 2022-ի մարտի 1-ից, յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60 տոկոսի չափով աջակցություն կստանան տվյալ ընկերությունները: Նոր աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների մասով կրկին եկամտահարկի 60 տոկոսի չափով աջակցություն կստանան ընկերությունները: Այստեղ հիմնականում թիրախավորել ենք բուհը ավարտող երիտասարդ տաղանդների, կադրերի մուտքը, ինչպես նաև վերամասնագիտացված, վերապրոֆիլավորում անցած մասնագետների մուտքի պարագայում ենք նման աջակցություն սահմանում: Եվ երրորդ ուղղությունը. մասնագիտական վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով վերապատրաստվող աշխատակիցների մասով կրկին ընկերություններն արդեն 50 տոկոսի չափով եկամտահարկի աջակցություն են ստանալու»,- նշել է ԲՏԱ նախարարը:
Նախարարը թվարկել է, թե ինչպիսի գործունեությամբ զբաղվող ընկերություններն են այս նախագծի շահառուները: Մասնավորապես՝ էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն, հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն, ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական, էլեկտրոնային սարքավորումների արտադրություն, օդանավերի, տիեզերանավերի արտադրությամբ, այլ թռչող սարքերի արտադրություն, դրանց մասերի, լրամասերի արտադրությամբ զբաղվող և այլն: Ըստ նախարարի՝ աջակցության ծրագրերից երկրորդ ուղղությանը նախատեսված է գիտական հետազոտության, փորձարարական մշակումների մասով:

