Այդ մակարդակի ղեկավարների գերի ընկնելը օգտագործվելու է Հայաստանի դեմ. Անդրանիկ Քոչարյան
Մենք պետք է Վազգեն Սարգսյանի մտքերը իրականություն դարձնենք, սիրենք մեր երկիրը և ամեն ինչ անենք, որպեսզի այն լինի անվտանգ և ապահով, և դա է իր պատգամը: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այն, ինչ ինքը չկարողացավ անել, պետք է հետագա սերունդները իրականություն դարձնեն։ Եվ նաև դա է պատճառը, որ Վազգենի թե՛ ծննդյան օրը, թե՛ մահվան օրը, այստեղ միշտ մարդաշատ է, որովհետև նրա կարիքը միշտ զգացվել է և զգացվում է, և դա մեզ բոլորիս պետք է:
Հավատը պետք է վերականգնենք. Վազգենի մեծությունը նաև նրանում էր, որ երբ ինքը ասում էր՝ պետք է ունենանք, ինքը ուներ։ Այ դա ունենալը, դրան հասնելը, դա նշանակում է նվիրում, այդ նվիրման պակասն է նաև այսօր։
Անդրանիկ Քոչարյանը կրկնեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չպետք է գերի ընկներ. «Բաքվի դատավարության ընթացքում դա օգտագործվելու էր Հայաստանի դեմ: Իհարկե, նրանց տարել են առանձնատուն, այդ բացահայտումները հերթականությամբ կլինեն, իմ ասածը ուրիշ բանի մասին է. ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր: Դա պետք է անեին անվտանգության աշխատակիցները, այդ թվում՝ ռուս խաղաղապահները»:
