Ես երբեք չեմ ասել, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։

«Ես երբեք չեմ ասել, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, ամբողջությամբ բառը չեմ օգտագործել, ես ասել եմ, որ «Մարտի 1»-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու, քննելու, հետաքննելու»,- հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ վերջին շրջանում տեղի է ունեցել քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, ժամանակին, երբ քննարկել են գլխավոր դատախազի թեկնածությունը, «Մարտի 1»-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է, լինելու  այն կարևոր խնդիրներից մեկը, որն ինքն իր  գործընկերներին առաջադրել է:

«Երբ որ ես ասում եմ բացահայտված է… այն, ինչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել բռնի ուժով, բանակի ներգրավմամբ, հանցավոր խմբավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել  քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ։ Այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք, իրավական գնահատական ստանա, բաց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: