Ռուս և ամերիկացի դիվանագետները կհանդիպեն փետրվարի 27-ին՝ Ստամբուլում. Լավրով

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագետները փետրվարի 27-ին Ստամբուլում կհանդիպեն՝ քննարկելու երկու երկրներում դեսպանատների բնականոն գործունեության վերսկսումը։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Դոհայում լրագրողների հետ զրույցում։

«Նման հանդիպում տեղի կունենա վաղը՝ Ստամբուլում, և ես կարծում եմ, որ դրա արդյունքները ցույց կտան, թե որքան արագ և արդյունավետ կարող ենք շարժվել», – Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Լավրովը նշել է, որ երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն կողմերի միջև կուտակված խնդիրները։

«Մեր բարձրաստիճան դիվանագետները, փորձագետները կհանդիպեն և կքննարկեն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են նախորդ վարչակազմի հակաիրավական գործունեության հետևանքով, արհեստական ​​խոչընդոտներ ստեղծելով Ռուսաստանի դեսպանատան գործունեության համար, ինչին մենք, բնականաբար, հակադարձել ենք և նույնպես անհարմար պայմաններ ենք ստեղծել Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքի համար», – ասել է ՌԴ արտգործնախարարը։