«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել դեռևս Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած». կարծում է Օլիվիե Դըկոտինյին
«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր»։ Այս մասին «Հայաստանի հանրային ռադիո»–ի հետ հարզազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»,–ասել է նա։
Անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատական գործերին, որտեղ Բաքուն Արցախը ներկայացնում է որպես ահաբեկչական միավորում, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն ասել է.
«Ահաբեկչությունը շատ լուրջ խնդիր է, և պետք չէ թեթևորեն խոսել դրա մասին։ Ահաբեկչության առնչությամբ Ֆրանսիան, որը Եվրամիության անդամ է, շատ հստակ մոտեցում ունի։ Գոյություն ունի ահաբեկչական կազմակերպությունների ցանկ, որը հաստատվում է Եվրամիության անդամ երկրների կողմից, և ԼՂ–ն այդ ցանկում չկա»։
Դեսպանն ասել է, որ չի մեկնաբանում Ադրբեջանի հայտարարությունները։
Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Ֆրանսիայի և միջազգային հանրության աջակցությունը, ինչի՞ է պատրաստ Ֆրանսիան՝ Բաքվում ընթացող դատավարությանն արժանապատիվ լուծում տալու համար, դեսպանը պատասխանեց.
«Գիտեք՝ Ֆրանսիան ամենաազդեցիկ երկիրը չէ Բաքվում հենց այն պատճառներով, որոնք Դուք էլ հիշատակեցիք․ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, ու այդ աջակցությանը շատ սուր է արձագանքում Ադրբեջանը։ Բայց կան մի շարք երկրներ, որոնք Ադրբեջանի հետ քաղաքական, ռազմական, տնտեսական բավականին սերտ հարաբերություններ ունեն և, կարծում եմ, կարող են օգտակար լինել»։

