Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները. Սրբուհի Գալյան
Նախորդ տարիների ընթացքում փորձեր եղել են Սահմանադրության նոր նախագծի հետ կապված հայեցակարգերի մշակման և այդ հայեցակարգերը կարելի է ասել, ըստ էության, մշակված են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Հիմա մեր խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի մշակումն է, այլ՝ Սահմանադրության նոր տեքստի մշակումը: Այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են:
Պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները: Այն հանձնառությունը, որը ստացել ենք, միտված են նրան, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները: Դրանից հետո արդեն, իհարկե, որոշում կկայացվի հանրաքվե իրականացնել»,-ասել է նա՝ չբացառելով, որ Սահմանադրության հանրաքվեն լինի ընտրություններից հետո. «Ամենայն հավանականությամբ, այո, այդպես կլինի»:
Հարցին՝ հնարավո՞ր է նոր Սահմանադրության մեջ հանվի հղումը Արցախի վերաբերյալ, նա արձագանքեց. «Ես ոչինչ չեմ բացառում, այդ հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք, բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխել։ Այս պահին տեքստի մասով թույլ տվեք մեկնաբանություններ չտալ, որովհետև մեկնաբանություններ տալու իրավունքը կարծում եմ, որ կվերապահենք համապատասխան հանձնաժողովին»:

