Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետության կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից․ «դատը» շարունակվում է
Ադրբեջանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը»։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ դատավարության սկզբում Ռուբեն Վարդանյանն ու իր փաստաբան Աբրահամ Բերմանը խնդրել են առանձին հանդիպում կազմակերպելու պայմաններ ստեղծել։ Դատարանը բավարարել է խնդրանքը։
Նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ինքը հրաժարվում է պետության կողմից տրամադրված հանրային պաշտպան Ազեր Մագերամովի ծառայություններից և, որ իր շահերը պաշտպանելու է միայն իր պայմանագրային փաստաբան Աբրահամ Բերմանը։
Մեղադրող կողմն ու տուժողի ներկայացուցիչը չեն առարկել։ Դատարանը տեղում քննարկել և բավարարել միջնորդությունը։
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է փետրվարի 17–ին։
Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնել էին, որ Վարդանյանին իր «գործի» աղավաղված թարգմանությունն են տրամադրել. որոշ հատվածներում հղումներ են եղել նույնիսկ ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի օրենսդրությանը:
Բացի այդ, պարզվել է, որ ադրբեջանական դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները նախկին պետնախարարի շինծու գործով պատճեններ ստանալու և տեսագրությունների բովանդակությանը ծանոթանալու վերաբերյալ:
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձնացվել է առանձին վարույթ: Չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել:

