Պուտինի հետ հանդիպումը, հավանաբար, կկայանա Սաուդյան Արաբիայում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա Սաուդյան Արաբիայում, սակայն պաշտոնական որոշում դեռ չի կայացվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ ղեկավարը:

«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ առաջին անգամ կհանդիպենք Սաուդյան Արաբիայում», – ասել է Թրամփը Պուտինի հետ հեռախոսազանգից հետո: Այս մասին հայտնում է CNN-ը:

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնորդ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը դերակատարում կունենա քննարկումներում՝ ասելով. «Մենք ճանաչում ենք թագաժառանգին, և ես կարծում եմ, որ դա շատ լավ տեղ կլինի»:

Խոսելով հանդիպման ամսաթվի մասին՝ նա նշել է, որ դեռ որոշված չէ, բայց դա կարող է լինել ոչ այնքան հեռավոր ապագայում:

Հարցին, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկա կլինի Պուտինի հետ հանդիպմանը, Թրամփը ենթադրել է, որ նա ներկա չի լինի:

Նախօրեին՝ փետրվարի 12-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Թրամփի միջև։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտիnn ԱՄՆ նախագահին հրավիրել է Մոսկվա։ Թրամփը, խոսելով հնարավոր հանդիպման մասին, նշել է, որ այն տեղի կունենա «ոչ հեռու ապագայում»։