Մեկ ուղևորության համար 100 դրամ վճարելու նախագիծը Երևանի ավագանին մերժեց

Երևանի ավագանին 27 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր մեկ ուղևորատոմսի համար սահմանել 100 դրամ արժեք, իսկ մնացած փաթեթները թողնել անփոփոխ:

Ավագանին այսօր մեկ այլ որոշմամբ ընդունեց նախագիծ, ըստ որի մարտի 1-ից հանրային տրանսպորտի արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևան քաղաքի հաշվառում չունեցող թոշակառուներին, անվճար կերթևեկեն հաշմանդամություն ունեցող երեխաները, Երևան քաղաքի հաշվառմամբ 4 և ավելի երեխա ունեցողները՝ անկախ երեխաների տարիքից։

Ըստ ընդունված որոշման, 1 և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը վերացվում է և  դառնում անսահմանափակ, ինչպես նաև 90 րոպեի ընթացքում երկու տեղփոխի հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը դառնում է 180 րոպե: 30 օր վավերականության ժամկետը 10 ուղևորության համար սահմանվում է 45 օր։